ԶՐՈՒՅՑ ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆԻ ՀԵՏ
shadow
Նկարագիր ինքդ քեզ։
Ես կաթիլ եմ երկնից կախված,
Որ ձգտում է ծովին հպվել,
Ես կաթիլ եմ ամպերի մեջ
Եվ փորձում եմ շուրթին հոսել:

Նկարագիր ինքդ քեզ։

Ես կաթիլ եմ երկնից կախված,

Որ ձգտում է ծովին հպվել,

Ես կաթիլ եմ ամպերի մեջ

Եվ փորձում եմ շուրթին հոսել:

Որպես կաթիլ աշխարհում մեծ`

Խառնըվում եմ կյանքի բովին…

Մի կաթիլ եմ: Տերևի հետ

Միշտ զարկվում եմ պատուհանին:

Թափանցում եմ մտքերից ներս

Ու խուժում եմ հոգին փակված…

Աներևույթ հետքեր թողնում,

Գնում` սիրտը կարոտ գցած:

Ինձ չի պահում ոսկին փայլուն,

Շատ սահուն է կաթիլն անտուն.

Ոչ ձուլվում է, ոչ էլ կորչում,

Ես այդպես եմ` կաթիլ անհուն…

Ի՞նչն է առաջ մղում քեզ։

Երազանքների, իղձի անկատար լինելու ցավը։

Անձնակա՞ն, կնոջական։

Ազգայինն ավելի խորն է ու ապերջանիկ։

Ո՞րն է գրողիդ հավատամքը։

Անկեղծ և ինքնաբուխ պոռթկումը։ Ինքնաարտահայտվելը։

Հայրենիքը ի՞նչ է քեզ համար

Իմ ու Աստծո միջև մի բան կա, որը կոչվում է, այո՛, Հայաստան։ Հայրենիքը ես եմ, իմ կյանքն է, իմ մեջ ու ինձնից բարձր մի բան է։

Երբեք չե՞ս ցանկացել հեռանալ, այլ երկրում ապրել։

Առիթ շատ է եղել, մի ժամանակ կարծում էի՝ եթե ընդմիշտ հեռանամ, զրկվելու եմ օդից, ինձնից, հայերենից։ Այն ժամանակ համացանց չկար։ Վախենալու էր, սարսափում էի, որ օտարության մեջ անիմաստ կկորչեմ։ Ոչ ոք կդառնամ։ Ինչ-որ ծագումնային պահանջ ամեն անգամ գլուխ էր բարձրացնում ու միշտ ետ էր պահում։ Մյուս կողմից էլ, ուր գնացել եմ, ինձ շատ լավ եմ զգացել, հետաքրքրվել եմ այդ երկրով և չեմ շտապել վերադառնալ։ Բայց և չեմ մտածել, թե կարելի է մնալ։ Իսկ երբ վերադարձել եմ Հայաստան, ակամա զգացել եմ, որ մերն ուրիշ է ու հասկացել, թե ինչու են օտարներն այդքան սիրում ու գովում Հայաստանը։

Լա՞վ երկիր է։

Լավ ու վատի հարց չէ։ Ջերմությունը, սրտառուչ, հուզաշատ լինելը հարազատության զգացում են առաջացնում։ Մարդիկ իրենց տանն են զգում։

Բնօրրանում, ուզում եք ասել։

Ուզում եմ ասել՝ տանը։

Ուրեմն, ո՞րն է հայի ու օտարի զգացողությունների տարբերությունը, եթե բոլորն իրենց տանն են զգում այստեղ։

Հայի համար Հայաստանը օջախ է, ծխանի ծուխ, եղեգան փող, սիրո աղբյուր։

Ուրիշն էլ կարող է նույնը զգալ։

Իհարկե, և զգում են, որովհետեւ հայ ազգը մարդատեսակ է։

Քո՛ տեսակը… ո՞րն է։

Աշխարհը, տիեզերքը, հոգին ներդաշնակություն են ուզում, մարդը ձգտում է, որպեսզի երկնակամարը փուլ չգա։ Երեխա, թե հասուն մարդ՝ ամբողջ կյանքում դա էլ փնտրել, դրան եմ ձգտել։ Կյանքը հեշտ չի տրվում, ինը ամիս ազգովի նախապատրաստվում ենք, լույս աշխարհ եկող արարածի վրա ազդում ենք ինչքան հնարավոր է՝ ուտել, խմել, քայլել, մտածել, նյարդեր շաղ տալ կամ ամրացնել։ Հետո... Ամենասարսափելին ու ամենահրաշալին երևի աշխարհում են։ Երբ այդ սարսափները ի չիք են լինում՝ սիրով, քնքշությամբ ու լուսաբացի հավատով։ Գեղեցկությունը, հողն ու ծիլը, կանաչն ու երկնի կապույտը, արվեստը, գիտությունը ամեն ակնթարթ վերալիցքավորում, նորոգում, թարմացնում են կյանքը։

Բոլորովի՛ն։ Ես կասեի հակառակը։ Ես կռիվ տալով եմ ապրում։

Ինչո՞ւ։

Անարդարությունն ու ապօրինությունը չափից դուրս շատ են։ Աջուձախ՝ կեղծ արդարացումներ, փուչ ձեւակերպումներ, դատարկ ճամարտակություններ, հոգնեցնող խրախճանք։ Ներդաշնակություն չկա, արժեքների խաթարում է շուրջ բոլորը․․․

Կյանքը չես սիրում։

Կյանքը հնարավոր չէ չսիրել կամ սիրել։ Կյանքը պետք է ապրես։ Բայց ոչ ինքնանպատակ կամ աննպատակ, որը գրեթե նույն բանն է՝ կախված միջավայրից ու հանգամանքներից։

Ո՞րն է կյանքիդ ամենամեծ նվաճումը։

Իմ ամենամեծ արարո՞ւմը։ Մարմնական երկունքով ստեղծածս։

Ո՞րն է ձեռքբերումը:

Աստծո պարգևած շնորհը՝ ստեղծագործելու կարողությունը։

Ի՞նչ գույն ես սիրում։

Թափանցիկ։

Ինչո՞ւ ուզեցիր, որ դու-ով խոսենք:

Ես պարզ մարդ եմ։ Վստահ եմ և հավատում եմ, ամեն առիթով էլ ասում, որ հանճարեղությունը պարզության մեջ է։ Դու-ն նաև մտերիմ է։

Հա բայց հարգանքը դիմացինի նկատմամբ...

Դա հարգանքի նշան չէ, այլ՝ պաշտոնականության։

Տարօրինակ մտածողություն ունես։

Կարծում եմ՝ Աստված կա։ Իսկ Աստծո հետ դուք-ով հնարավոր չէ խոսել։ Չէ, չէ, ոչինչ չեմ աստվածացնում։ Աստվածայինից մասնիկ եմ փնտրում իմ մեջ. Աստծո տվածից, աստծո աջից, մատից... Որտեղ, ինչում, ինչու է խառն Աստծո մատը։ Կա՛։ Կապ եմ զգում։ Դրա համար էլ ունայնություն ունայնությանցն ինձ համար ոչ թե հուսահատեցնող է, այլ ճախրելու պատրվակ, մտածելու պատճառ, տքնելուն բացատրություն, փնտրելու լաբիրինթ։

Գտնո՞ւմ ես։

Գտնելն ինքնստինքյան է գալիս կամ Աստված է տալիս։

Ո՞րն է քո փիլիսոփայությունը։

Չփիլիսոփայելը։

Հաջողվու՞մ է։

Ոչ։

Ինչո՞ւ։

Ամեն ինչում իմաստ ու սեր եմ փնտրում։

Սերը փիլիսոփայության հետ կա՞պ ուներ։

Փիլիսոփայությո՛ւնը սիրո հետ կապ ունի։ Սերն էլ կունենա, երևի։ Երբ, տարված, ինչ-որ բանի մասին եմ խոսում, երբ, ոգևորված, առավելագույն զգացողություններ արտահայտելով՝ ինչ-որ երևույթ եմ նկարագրում, հաճախ են ինձ ասում՝ հերիք է փիլիսոփայես։

Նեղացնում են։

Հա։

Նեղանու՞մ ես։

Չհասկացված լինելը հաճելի չէ։

Ուրեմն կյանքդ մարդկանցից շատ է կախված։

Բնա՛վ։

Չե՞ս վախենում լինել չհասկացված։

Ոչ։ Ես շատ հստակ եմ շարադրում իմ մտքերը։

Կարծում ես հետաքրքի՞ր է։

Հետաքրքրությունը հաղորդակցվելն է, ոչ թե մոլորեցնելը։ Սեփականն արտահայտելն ու նմանիդ գտնելը։

Կինո՞, թե՞ գրականություն։

Թատրո՛ն։ Ցուցք, պարահանդես, ինքնամոռաց ու անմնացորդ նվիրում։

Վերջը...

Վերջ չկա։

Ինչո՞ւ։

Չի կարող լինել։ Ամեն վերջ սկիզբ է նոր արարումի։

Պատերազմի թեմա շատ կա գրածներիդ մեջ:

Պատերազմ, բանակ, հայրենիքի ազատագրում, երազանքի երկիր հայրենի... Երկու երեք գիրք։ Բայց ես ամեն ինչի մասին էլ գրում եմ։ Տարբեր ժանրերի գրվածքներ ունեմ։ Այո՝ պատերազմ շատ կա. փաստագրական պատմավեպ, պատերազմական վիպակ, թատերախաղ, պատմական դրամա, պոեզիա, հայրենասիրական երգերի խոսքերի ժողովածու և այլն։ Բայց այդ բոլոր գործերում նաեւ սիրո պատմություններ կան։ Իմ տարբեր գրվածքներում, հոգեբանական դրամայից ու սոցիալական դժվարություններից բացի, կան նաեւ սիրային պատմվածքներ ու վիպակ, երգիծանք, դպրոցական, ժամանցային, հումորային վիպակ, սիրային կատակերգություն, կինոտարեգրություն, խոհափիլիսոփայություն և այլն:

Ի՞նչ պետք է անի գրողը

Գրողը պետք է սեփական երդիկից նայի աշխարհին ու անձնականը աշխարհի մեջ տեսնի, գրողը պետք է իր երկրին, ապա նաև աշխարհին սեփական դեմք ցույց տա, վերջապես, գրողը ինքնության խոսք պիտի ասի:

Գրի՛:

Գրի՛, ասի՛, համապատասխան քայլեր անի: Գրողը պետք է իր ժողովրդի կյանքով ապրի, որ կարողանա աշխարհի հետ խոսել:

Հիմա ի՞նչ ես գրում:

Բանաստեղծություններ: Երբ երկիրս իմ օգնության կարիքն ունի, մտքերս ավելի հաճախ չափածո են ձևակերպվում:

Վերջին գրքիդ բանաստեղծություններն այդ մասին են: Նորից նույն բա՞նն ես ուզում հրատարակել: Ի՞նչ նոր բան ես պատրաստվում հրատարակել: Ընթերցողը սպասում է, ի՞նչ գիրք ես առաջարկելու շուտով:

Մանկական ոտանավորներ՝ հայերեն, հետն էլ անգլերեն թարգմանությունները:

Անսպասելի էր:

Սպասեք, շուտով լույս կտեսնի, հիմա նկարազարդումների վրա ենք աշխատում:

Անգլերեն եք գրում, նկարում եք․․․

Ոչ, ոչ: Անգլերեն Արամազդ Ստեփանյանն է թարգմանել , իսկ նկարազարդումների հեղինակը Արգամ Ակոջյանն է: Ես միայն հայերեն եմ գրում:

Հետաքրքիր է կարդալ նաև քո մանկական ոտանավորները, չգիտեի, որ մանկագիր էլ ես:

Չէ, մանկագիր չեմ, չէ: Դա հստակ մասնագիտացում է, ստեղծագործելու բնույթ: Ես ուղղակի կերպարային մտածողություն ունեմ, գրելիս կերպարի մեջ եմ մտնում և տարբեր մարդկանց հետ տարբեր ձևաչափերում եմ խոսում: Այս ամռանը Ջերմուկում էի, հանկարծ մանկացա, սարերին ու արևին, երկնքին մանկությանս աչքերով նայեցի․․․ Հետո Հանքավանի անտառում նույն մղումը զգացի: Վերջերս էլ ծանոթներիցս մեկը խնդրեց դպրոցական մի ոտանավոր գրել, անմիջապես գրեցի: Դժվարը սկսելն էր:

Փաստորեն բոլոր ժանրերում ստեղծագործո՞ւմ ես։ Նույնիսկ ֆիլմեր ունես նկարած․․․

Հա: Երևի ինձ սոսկ առիթ է պետք ստեղծագործելու:

ԿԳՏՆԵՔ ԿԱՄ ՉԵՔ ԷԼ ԳՏՆԻ

Ինձ մի՛ փնտրեք երկրի վրա,

երկնի մե՛ջ եմ ես ծվարում։

Ինձ մի՛ փնտրեք երկնքի մեջ,

ինքս ամպ չեմ՝

ճերմակ կամ թուխպ,

ծվեն կամ՝ սուրբ։

Շաղի՛կ եմ, ցո՛ղ։

Ինձ փնտրեք ձեր հոգիներում վայրիվերո,

սլացքի մեջ սավառնումի,

օդում ճախրո՛ղ։

Այն ճախրանքի, որ մնում է

անանձնական, անդավաճան ու անհողդո՛ղդ։

Զուր մի փնտրեք ցուցակներում՝

Սև, գունավոր...

Ինձ փնտրեք ձեր դժվար կյանքի ելևէջում։

Եթե անգամ չեմ էլ եղել։

Եթե անգամ չեմ լինելու։

Փնտրեք սրտի ձեր ծալքերում,

արնաքամվող լուրջ վերքերում...

Եվ՝ տուն սարքող պինդ ձեռքերում։

Զրուցեցին՝

Անահիտ Արփեն (Anahit Tadevosyan)

Պետրոս Մանուկյան

https://www.youtube.com/channel/UCwWWkYzKeyBjqY9gfautCZg 

 

Anahit Arpen Armenian Novel Writer

Anahit Arpen Armenian Novel Writer

 

Related to category Cultural

Comment on Facebook

Comment on Disqus